Ընթերցողն աչառության մեջ կարող էր մեզ կասկածել միայն այն դեպքում, եթե վերնագրի մեջ դրված իմաստն օգտագործած լինեինք լոկ Իսպանիա-Ֆրանսիա խաղի առնչությամբ։ Լա՜վ, ասենք թե լավատեղյակ եք Իսպանիայի ընտրանու նկատմամբ ունեցած թուլությունիցս: Սակայն այս դեպքում ինչպե՞ս վերաբերվել Պորտուգալիա-Հյուսիսային Իռլանդիա հանդիպման ոչ-ոքիին: Էլ չեմ խոսում Գերմանիա-Շվեդիա դիմակայությունում արձանագրված 4:4 հաշվից, որ եկավ տակնուվրա անելու ամեն ինչ:
Իսպանիա-Ֆրանսիա զույգի խաղը խոստանում էր դառնալ օրվա ֆուտբոլային հանդիպումների հանդիպումը: Խոստանում էր ու սկզբունքորեն այդպիսին էլ եղավ: Ապշեցուցիչ արագություններ, ֆուտբոլային հզոր կրքեր, սլացիկ կոմբինացիաներ, դարպասը գրավելու բազմաթիվ հնարավորություններ, դարպաս սուրացող ու այդպես էլ համառորեն կեսճանապարհին մնացող հարվածների գրեթե անվերջանալի շարան…
Ո՞ր մեկն ասես, ո՞ր մեկը հիշատակես:
Սակայն այս ամենից առաջ ու հետո նախ, որպես խոնարհ հարգանքի տուրք, պիտի գլխարկ հանել Ֆրանսիայի ազգայինի դարպասապահ Յուգո Լյորիսի առաջ, ով ավելին եղավ, քան թիմի կեսը, ինչպես ընդունված է արտահայտվել դարպասի պահապանների վերաբերյալ, մարդ, ով այդ օրը եթե ոչ ամեն ինչ, ապա նվազագույնը գրեթե ամեն ինչ արեց իր թիմին խոշոր հաշվով պարտությունից փրկելու համար, ու եթե մարդկանց մեջ չկա կատարվածի գիտակցումը, եղբայր ֆրանսիացիներին բարեկամաբար պիտի հուշել իրենց հրաշք դարպասապահի արձանը կանգնեցնելու անհրաժեշտության մասին:
Չափազանցում ե՞նք:
Բնավ:
Հարկավ հարգանքի խոսքեր պիտի ասել և Դիդիե Դեշամի մասին, ով բաց թողած գոլից հետո (խոստովանենք` Սերխիո Ռամոսի թնդանոթային հարվածը որքան անկասելի էր, նույնքան և գեղեցիկ էր, ինչպես որ գեղեցիկ էր հետգոլային նրա կուլբիտը. դե սրանից հետո եկ ու հավատա, թե ճշմարտություն էր մկանի ձգվածության պատճառով հանդիպմանը չմասնակցելու վերաբերյալ նախախաղային եղած տագնապ-ահազանգումը) շատ արագ գլխի ընկավ, որ խուլ պաշտպանության ու լոկ հակագրոհների տակտիկային կուրորեն հետևելու դեպքում իր թիմի կատարյալ ջախջախումն անխուսափ է, ուստի նետվեց գրոհին գրոհով պատասխանելու… խելահեղությանը: Ասում ենք` խելահեղությանը, որովհետև Իսպանիայի ընտրանու հետ խաղում այդպես խաղալն իսկապես խելահեղություն է:
Սակայն անտրամաբանական քայլի ողջ տրամաբանությունն այն եղավ, որ հենց այդ «գժությունն» արդարացրեց իրեն, ու մինչ իսպանացիները հավատացած էին, որ խաղը շահել են, վերջին վայրկյաններին գոլ բաց թողեցին (մեղքս ինչ թաքցնեմ` չլիներ մեծագույն Վիսենտե դել Բոսկեի պարագան, Դեշամի հետ իսպանացիների մարզչի ունեցած նախամեկնարկային ողջագուրման մեջ հուդայական ինչ-ինչ տարրեր երևի թե կտեսնեի ու կարձանագրեի):
Իհարկե, գրեթե անսխալ կարելի է ասել ինչ կլիներ, եթե տասնմեկմետրանոցն անվրեպ իրացներ Ֆաբրեգասն ու հաշիվը դարձներ 2:0, սակայն եթեն այդպես էլ մնաց եթե: Ինչևէ, խաղն ավարտվեց ոչ-ոքի, ու Իսպանիայից ֆրանսիացիների տարած մեկ միավորը միանշանակ երեք միավորի գին ունեցավ, թեպետ եթե գալլերը նույնիսկ պարտվեին, անհավանականության ոլորտից է, որ այս խմբից Իսպանիայի հետ մեկ ուրիշ թիմ կարող է դուրս գալ եզրափակիչ:
Ֆուտբոլային նույն օրվա սենսացիայի հաջորդ հեղինակը դարձավ Հյուսիսային Իռլանդիայի հավաքականը, որը հյուրընկալվել էր ռուսներից նախորդ խաղում կրած պարտությունից հետո հաղթանակի ծարավի Պորտուգալիայի ընտրանուն: Հասկանալի է, որ ծարավը պորտուգալացիները պիտի կոտրեին հյուր եկածներին պատժելու գնով:
Մինչդեռ իրականում ի՞նչ ստացվեց:
Խաղավարտից լոկ տասը րոպե առաջ տանտերերը կարողացան փրկվել երկրորդ անընդմեջ անպատվությունից, թեպետ հյուսիսիռլանդացիներին բառացիորեն մեխել էին նրանց իսկ դարպասին: Ինչպես վերը հիշատակված Իսպանիա-Ֆրանսիա խաղում, այստեղ էլ գրանցվեց նույն 1:1 հաշիվը, որը միանշանակ երեք միավորի արժեք ունեցավ թերակղզի ժամանածների համար, ովքեր հընթացս հիմնավորապես փչացրին ազգայինում իր հոբելյանական հարյուրերորդ խաղն անցկացնող Ռոնալդուի տոնական տրամադրությունը (լուռ կարեկցանքներս բուքմեյքերական կետերում գումար դրածներին)` մարզիկին սևերես թողնելով սեփական ֆուտբոլասերի աչքի առաջ: Ավելորդ չհամարենք նշել, որ Պորտուգալիայի հավաքականում Քրիշտիանու Ռոնալդուից շատ խաղ անցկացրել է ընդամենը երկու հոգի` Լուիշ Ֆիգուն ու Ֆեռնանդո Կոուտուն` համապատասխանաբար 127 և 110 հանդիպում:
Ֆուտբոլային երեքշաբթին եվրոպական գրանդներից Իսպանիայի ու Իտալիայի համար հարկավ շատ ավելի ցավոտ կլիներ, եթե նրանց կորցրած միավորների կորստի ցավն անուղղակի չմեղմեր Յոախիմ Լյովի ընտրանին, որը շվեդներին 4:0 հաշվով հաղթելու պայմաններում հաջողեցրեց հանդիպումն ավարտել ոչ-ոքի: Ճիշտ է, այս խաղից հետո Գերմանիան տասը միավորով շարունակում է մնալ իր խմբի առաջատար (ինչպես Իսպանիան, որը Ֆրանսիայի ընտրանու պես ունի յոթ միավոր ու առաջին հորիզոնականում է շնորհիվ խփած-բաց թողած գնդակների լավագույն հարաբերակցության), սակայն շվեդական մղձավանջը դեռ երկար կստիպի նրանց անքուն գիշերներ անցկացնել, իսկ Մանուել Նոյերը նորից կհայտնվի լրագրողների, երկրպագուների ու ֆուտբոլային մասնագետների ահարկու քննադատության տակ: Իսկապես որ աննախանձելի վիճակ:
Իսպանիայի, Պորտուգալիայի, Գերմանիայի հետ պատահածի հենքի վրա թե այդ օրը ֆուտբոլային առումով ինչ անակնկալ կարող էր մատուցվել Լեհաստան հյուր գնացած Անգլիայի ընտրանուն, դժվար է պատասխանել, սակայն այստեղ էլ բնությունը որոշեց ինչն ինչպես անել: Հորդառատ տեղացած անձրևը բառացիորեն ճահճի էր վերածել Վարշավայի մարզադաշտը, ուստի կազմակերպիչները հանդիպումը հետաձգեցին չորեքշաբթի: Խաղն ավարտվեց 1:1 հաշվով:
Ֆուտբոլային երեքշաբթին եվրոպական գրանդներից անփորձանք անցան միայն Իտալիայի ու Նիդերլանդների ընտրանիները: Առաջինը սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության հասավ Դանիայի ընտրանու նկատմամբ, երկրորդը հյուրընկալվելիս գերազանցեց Ռումինիայի հավաքականին` 4:1: Նշենք, որ երկուսն էլ իրենց խմբերում աղյուսակի առաջին հորիզոնականում են:
Մնացածներից ո՞ւմ հիշատակենք, որ մրցաշարի առումով ընթերցողի համար հետաքրքիր լինի ու չլինի լոկ տուրք վիճակագրությանը: Նախ երևի թե Հայաստանը ներկայացնող խմբի մյուս զույգին` չեխերին ու բուլղարացիներին, որոնք միմյանց հետ խաղացին ոչ-ոքի` 0:0, ու ակտիվում ունեցած համապատասխանաբար վեց և հինգ միավորներով շարունակում են մնալ մեր ընտրանու տեսանելիության գոտում: Հիշատակենք և Ռուսաստանի ընտրանին, որը նվազագույն հաշվով հաղթանակի հասավ ադրբեջանցիների նկատմամբ ու տասներկու միավորով, խփած-բաց թողած գնդակների գերազանց` 8:0 հարաբերակցությամբ գլխավորում է խմբային աղյուսակը: Ռուսների կողքին հիշենք նաև ուկրաինացիներին հյուրընկալված ու հյուրասիրության տարրական կանոնները չպահպանած չեռնոգորցիներին (այստեղ էլ է արձանագրվել նույն նվազագույն հաշիվը), թուրքերին ընդունած ու 3:1 հաշվով հաղթած հունգարացիներին, իսպանացիներից նախորդ խաղում պարտություն կրած բելառուսցիներին (եթե հիշում եք, Ալեքսանդր Լուկաշենկոն այդ խաղի 0։4 հաշիվն անվանել էր ազգային խայտառակություն), ովքեր գերազանցեցին վրացիներին (2:0): Թվարկումը կարելի է շարունակել, սակայն եկեք բավարարվենք այսքանով, մանավանդ որ առջևում անցնելիք երկար ճանապարհ կա, իսկ գրեթե յուրաքանչյուր խաղ խմբային աղյուսակների նոր խմբագրումների առիթ է հանդիսանում:
Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղերին ընդառաջ իրենց հերթական հանդիպումներն ունեցան և հարավամերիկյան գոտին ներկայացնող ընտրանիները: Հյուրընկալվելիս Արգենտինայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Չիլիին ու շարունակում է գլխավորել աղյուսակը: Այստեղ դաշտից նորից առանց գոլի չհեռացավ Լիոնել Մեսին (արգենտինացիներից մյուս գոլի հեղինակն Իգուաինն է): Շարունակում է վստահ հանդես գալ Էկվադորի հավաքականը: Վենեսուելայի հավաքականի հետ արտագնա խաղում նրա ոչ-ոքին (1:1) օգնեց թիմին մնալու երկրորդ հորիզոնականում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ